ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդ, որը ճանապարհ էր, որը հայրենիք էր

Մարդ, որը ճանապարհ էր, որը հայրենիք էր
30.06.2023 | 10:00

Հրաչյա Մաթևոսյանը բազմապատկում էր ուրախությունդ, կիսում ցավդ:

Մի մեծ աշխարհ է պակասել մեր աշխարհից:

Նրա սերը բոլորինն էր և բոլորի սերը նրանն էր:

Հրաչյա Մաթևոսյանը իմ ճանաչած այն եզակի մարդկանցից էր, որը սրտանց ուրախանում էր ուրիշների ուրախությամբ, ուրիշների երկնածով՝ լիներ գիրք, հոդված կամ որևէ այլ հրապարակում: Նա ոգևորություն էր ճառագում մարդկանց, երբ ամենաշատը ինքն ուներ դրա կարիքը: Հրաչյա Մաթևոսյանին բոլոր ճանաչողները նրան համարում էին և են իրենցը: Բոլորը խանդով են վերաբերվում մյուսներին՝ կարծես թե նրանք տանում են իրենց բաժին Հրաչոյին:

Հուշիկ, դարերի հանդարտությունը հոգում, օրերի անհանգստությունը սրտում, քայլում էր Հրաչյա Մաթևոսյանը: Քայլում էր մարդկային ուրախության ու ցավի միջով: Քայլում էր, ուսը դեմ էր անում դրացուն, հետը բազմապատկում ուրախությունը, կիսում ցավը ու բացած ակոսի մեջ հույս ու խինդ էր շաղ տալիս երկար ու ձիգ տարիներ: Հանդարտ ստեղծում էր, բայց թե ի՜նչ արժե այդ հանդարտությունը, գիտեն միայն ինքն ու ասֆալտը ծակող հունդը: Ստեղծում էր և ապրում, ապրում և ապրեցնում:

Ուրիշի հոգսը իր հոգսին խառնած քայլում էր վաստակած մարդը: Ու եթե հարցնեիր՝ ո՞րն է քո հոգսը, չէր կարողանա առանձնացնել իրենը ուրիշներից:

Հրաչյա Մաթևոսյանը այն մարդն էր, այն գրողն ու քաղաքացին, որի խոսքը, գիրն ու գիրքը եկել են հայ մարդու հոգու խորքերից, նրա պատմությունից, սար ու ձորից, հոգս ու խինդից: Եվ սերն է եղել ամեն տողի ու ամեն խոսքի մեջ՝ սերը ժամանակակցի հանդեպ: Վեհ հատկություն, որը դժվար է տրվում և՝ ոչ բոլորին: Սերը մեծի ու փոքրի նկատմամբ. վկա մեծերի ու փոքրերի համար նրա գրած գրքերը: Հրաչյա Մաթևոսյանին գիտեին բոլորը, բայց դա՛ չէր զարմանալին: Զարմանալին այն էր, որ նա էլ գիտեր բոլորին, գիտերի բոլորի հոգսն ու ցավը, խինդն ու ուրախությունը, գրքերն ու հոդվածները, երեխաներին ու թոռներին:

Այո՛, հասարակության մեջ լինում են մարդիկ, որ հասարակության կյանքը, ցավոտ հարցերը, առավել ցավոտ պատասխանները, հոգսերն ու սերը իրենց միջով են անցկացնում, դարձնում իրենցը: Հրաչյա Մաթևոսյանը այդ եզակիներից էր:

Նրա կյանքի վերջին տարիներին զգում էի մեծ մարդու մեծ ողբերգությունը. ունենալ պայծառ միտք, անհանգիստ ու սիրով լի սիրտ և չկարողանալ դրանք վերածել խոսքի անիծյալ հիվանդության պատճառով:

Ասենք Հրաչյա Մաթևոսյանին՝ իմացեք, որ ձեզ շատ ենք հիշելու և սիրով ենք հիշելու:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Մեկնաբանություններ